Հայաստանում Յանդեքս ընկերության առաջին Ծրագրավորման դպրոցի ավարտական միջոցառումը ՎՏԿ-ում

Ս. թ. հունվարի 27-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում Յանդեքս ընկերության առաջին Ծրագրավորման դպրոցի ավարտական միջոցառումը:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս, Yandex.Taxi ընկերությունների և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել ծրագրավորման հիմունքներին, նրանց համար ստեղծել աշխատանքի հեռանկարներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են 2017թ.-ի հունվարի 21-ից և անց են կացվել շաբաթը երկու անգամ: Այդ ընթացքում երեխաները հասցրել են յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում իրականացվել է տնային, ինքնուրույն և ստուգողական աշխատանքների մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները ստացան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ էին ներկայացրել 147 դպրոցականներ, ընտրվել՝ 28-ը, որոնցից 26-ը հաջողությամբ ավարտել են ուսումնառությունը: Նրանց դասավանդել են տեղի մասնագետներ, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:


1 1 1