Վանաձորցի ծրագրավորողներն օտար բառեր սովորելու ինքնուսույց են ստեղծել

Վանաձորցի ծրագրավորողներն օտար բառեր սովորելու ինքնուսույց են ստեղծել

Վանաձորում գործող «Evoca» ծրագրավորողների թիմն ստեղծել է օտար լեզուների ինքուսուցման ծրագիր, որը հնարավոր է կիրառել նաև որպես բջջային հավելված: Ստեղծվել է 4 լեզուներով 3 ինքնուսույց՝ նախատեսված կոնկրետ թիրախային խմբերի համար: Ինչպես ծրագի համահիմնադիր Գարիկ Արզումանյանն է նշում, նման ծրագիր ստեղծելու գաղափարն առաջացել է ամիսներ առաջ, երբ «Քարհանյան» ուսումնական կենտրոնում իրականացվող լեզուների օնլայն և օֆլայն դասընթացների ընթացքում նկատել են, որ մարդկանց մոտ նոր լեզու սովորելու ընթացքում բառերը հիշելու հետ կապված դժվարություններ են առաջանում (ծրագրի մյուս համահիմնադիրը՝ Գարեգին Քարհանյանը, կենտրոնի տնօրենն է):

Ծրագիրն ստեղծելիս թիմը հաշվի է առել մի շարք հանգամանքներ:

«Նախապես ուսումնասիրել ենք, թե մարդիկ ինչ ու ինչպես են ցանկանում սովորել լեզուների հետ կապված: Տեսել ենք, որ «TOEFL» ու «IELTS» քննություններին դիմելու, սովորելու, աշխատելու համար մեծ պահանջարկ կա, ու որոշեցինք ինքնուսույց ստեղծել այս քննություններին դիմել ցանկացողների համար: Զբոսաշրջիկների կողմից տարբեր լեզուներով բառեր իմանալու կարևորությունը հաշվի առնելով՝ ինքուսույց ենք ստեղծել նաև նրանց համար»,- ասում է Գարիկը:

Լեզուների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով այն հանգամանքը, թե հատկապես որ լեզուների պահանջարկը կա համաշխարհային շուկայում. նշում են թիմի անդամները: Արդյունքում ընտրվել են հնդկերենը, չիներենը, ռուսերենը, արաբերենը:

Ծրագրի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. արտասանվում է օտար լեզվով բառը, որից հետո տվյալ բառը՝ ունկնդրի մայրենի լեզվով: Ծրագիրը հնարավորություն է  տալիս լսել նաև տվյալ բառի հոմանիշները,  լսել դրանց կիրառության տարբերակները նախադասության մեջ ու նախադասության բացատրությունը:

Այս ծրագրի ստեղծումը հնարավոր է դարձել Հահաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից  «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհների արդյունքում: Ծրագրի արժեքը 11 մլն 240 հզր դրամ է, որի 85 տոկոսը ֆինանսավորում է հիմնադրամը, 15 տոկոսը՝ ծրագրային թիմը:

Ծրագիրը նախատեսվում է  ավարտին հասցնել մինչև 2016 թ.-ի մայիսը: 4 լեզուներով 3 ուղղություններով ինքնուսույցների ստեղծմամբ, սակայն, թիմը չի պատրաստվում սահմանափակվել:

«Դրամաշնորհային ծրագրից դուրս նպատակ ունենք նոյեմբեր-դեկտեմբերին ինքնուսույց պատրաստել նաև հայերեն-անգլերեն տարբերակով, որպեսզի հայերն էլ կարողանան ավելի հեշտ սովորել, մեզ էլ մի քիչ ճանաչեն»,- նշում է  Գարիկը:

Ավելի ուշ թիմի անդամները նախատեսում են ինքնուսույցներում ներառել նաև անգլերենը: Կստեղծվեն  անգլերեն-անգլերեն, անգլերեն-ռուսերեն, անգլերեն-չիներեն, անգլերեն-հնդկերեն, անգլերեն-արաբերեն տարբերակները:

Թեև աշխարհում տարբեր լեզուների ուսուցման համար ծրագրեր կան, սակայն թիմի անդամները վստահ են. իրենց ծրագիրը յուրահատուկ է լինելու թե՛ ընդգրկված լեզուների բազմազանությամբ, թե՛ կատարված պրոֆեսիոնալ աշխատանքով, թե՛ պարզությամբ:

«Մարդը գրեթե ոչինչ չի անելու սովորելու համար: Միայն ընտրելու է,  թե որ կատեգորիան է ցանկանում լսել, որքան ժամանակ, քանի բառ, բառը քանի անգամ կրկնվի ու վերջ: Միացնում է, դնում գրպանն ու զբաղվում այլ գործերով»,- ասում է Գարիկը:

Գարեգին Քարհանյանն էլ վստահ է. օտար լեզվի ուսուցման այս տարբերակը ամենաարդյունավետն է, ծրագիրն էլ մրցունակ կլինի համաշխարհային շուկայում փորձառու ֆիրմաների ծրագրերի կողքին:

«Խորհրդակցելով մասնագետների հետ՝ եկել ենք այն եզրակացության, որ 500 բառը 10-15 օրում մարդը կարող է յուրացնել, սա բավականին լավ արդյունք է: Թեև շատ բան կախված է նաև մարդու անհատական հնարավորություններից: Սովորելու այս տեսակը թույլ է տալիս մի քանի անգամ ավելի արագ ու քիչ ջանք գործադրելով հիշել օտար բառերը»,- նշում է նա:

Ապագայի հեռանկարներում թիմը նախատեսում է շարունակաբար ավելացնել լեզուների թիվը: Հաջորդաբար կստեղծվեն իտալերենի, իսպաներենի, ֆրանսերենի, գերմաներենի ինքնուսույցները:

«Նախատեսում ենք  ստեղծել մոտ 40 ինքնուսույց,- ասում է Գ. Քարհանյանն ու հավելում. թիմի համար կարևորն ինքնուսույցների թվի ավելացումը չէ ,- պետք է մարքեթինգ արվի, և հասկանանք, թե հատկապես որ բառարանի պահանջարկն է ավելի մեծ, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ առաջարկներ»:

Թե ստեղծված ինքնուսույցներից որոնք ավելի պահանջված կլինեն, պարզ կլինի ծրագրի ավարտից հետո:

«Evoca» թիմի համահիմնադիրների խոսքով՝ ծրագրի ներբեռնումները կլինեն անվճար: Թիմն ընտրել է այս ծրագիրը շահութաբեր դարձնելու իր՝ ներբեռնումների մեծ թվի հաշվին գովազդատուներ ներգրավելու տարբերակը:

Նյութի աղբյուրը՝ www.hetq.am


1 1 1