Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ ու պահանջված կադրեր պատրաստելու նպատակով ներկայումս բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում և ծրագրեր են կյանքի կոչվում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ մայրաքաղաքից դեպի տարածաշրջան ապակենտրոնացնելու գործում շոշափելի արդյունքներ ունեն Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր։
Մասնավորապես՝ 2015 թվականի օգոստոսից Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Մուլտիմեդիայի, Համակարգչային Ճարտարագիտության և Ծրագրավորման ոլորտի անվճար մեծածավալ դասընթացներ են իրականացվում Հայաստանի երկու քաղաքներում՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում: Ոլորտում մեծ կարևորություն ունեցող այս ծրագրին աջակցում են Հայ Օգնության Ֆոնդը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Եռաչափ Մոդելավորման Ուսումնական Կենտրոնը և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։
Իրականացված աշխատանքների արդյունքում ներկայումս 200 երիտասարդ Գյումրիում և 120՝ Վանաձորում բացառիկ հնարավորություն ունեն ուսումնասիրելու, սովորելու ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ծանոթանալ, ուսուցանվել ու հմուտ գիտելիքներ ձեռք բերել ծրագրավորման և համակարգչային ճարտարագիտության ոլորտներում՝ բացարձակապես անվճար հիմունքներով: Այս ծրագրի շրջանակներում երկու քաղաքների երիտասարդները կտիրապետեն նորարարությունների բոլոր նրբություններին ու հնարավորություն կունենան իրենց ուրույն տեղը գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Նախատեսվում է, որ մինչև ծրագրի ավարտը Գյումրիում 1500 և Վանաձորում 1250 ուսանողներ հնարավորություն կունենան համապատասխանաբար մասնակցելու 6500 և 5000 ժամ տևողությամբ դասընթացների: Ձեռնարկությունների ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրին աջակցում են Համաշխարհային Բանկը և ՀՀ կառավարությունը։ Նպատակը հստակ է՝ կարճ ժամկետում պատրաստել ՏՏ ոլորտի մասնագետներ, ովքեր խթան կհանդիսանան, որպեսզի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ստեղծվեն տարածաշրջանում, ինչպես նաև ընկերություններն իրենց մասնաճյուղերն ունենան նաև մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում և Վանաձորում: Ծրագրի նկատմամբ վստահությունը, սահուն մեկնարկն ու ուսանողների ակտիվ և առաջադեմ մասնակցությունը խոստումնալից է. այս երիտասարդները, մուտք գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ոչ միայն շրջանցում են գործազրկության ռիսկը, այլև ուղակիորեն նպաստելու են աշխատատեղերի ստեղծմանը երկու խոշոր քաղաքներում։
Աղբյուրը՝ www.nt.am