Ստարտափը Հայաստանում գազի հաշվիչների աշխատանքը վերահսկող սարք է ստեղծում

Տեխնոլոգիական ստարտափը Հայաստանում ստեղծում է գազի հաշվիչների համար էլեկտրոնային ընթերցիչներ: Ինչպես «Արմենպրես»­ի հետ զրույցում հայտենց «Էլպիդա էլեկտրոնիկս» սկսնակ ընկերության տնօրեն Արկադի Խիտարովը, եթե գազի հաշվիչների վրա դնեն իրենց ստեղծած սարքը, այն ավելի ճիշտ կչափի գազի ծախսը: «Բացի այդ` սարքը հաշվիչը կպաշտպանի տարբեր միջամտություններից: Ճնշման, ջերմաստիճանի փոփոխությունները ևս հաշվառում են»,­ասաց զրուցակիցը` շեշտելով, որ սարքն ավելի շատ նախատեսված է գազի խոշոր սպառողների համար, օրինակ, ջեմոցների, փռերի համար:

Նա նշեց, որ դրան զուգահեռ աշխատում են ավտոմատիզացիայի խնդիրներ լուծող մոդուլային համակարգերի նախագծման վրա, որը կտարբերվի արդեն գոյություն ունեցողներից իր ծրագրային հնարավորություններով: «Այս համակարգով աշխատող սարքերը կարող են կիրառելի լինել գյուղատնտեսությունում, քիմիական արդյունաբերությունում, որտեղ ինչ­որ բան պետք է չափել ու դրա հիման վրա որևէ ղեկավարում կատարվի»,­նշեց Արկադի Խիտարովը: Ներկայում սկսնակ ընկերությունը փորձում է այդ եղանակով սողանքների մոնիտորինգի սարք ստեղծել, որը կօգտագործվի ՀՀ ՏԿԱԻՆ­ի կողմից: «Մենք փորձելու ենք մշակումն անել, եթե իրենց դուրը գա, դրանք կկիրառվեն: Սողանքային գոտիներում պետք է տեղադրվեն տարբեր տվիչներ , որոնք սողանքի վտանգի դեպքում կապ են հաստատելու նախարարության ճգնաժամային կենտրոնի հետ»: Արկադի Խոտարովի խոսքով` իրենք հիմա սարքը պատրաստելու փուլում են և պետք է աշխատեն նաև այդ ոլորտի գիտնականների հետ` մի շարք հաշվարկներ ճիշտ կատարելու նպատակով: Օրինակ այն, թե սարքը որ դեպքերում պետք է ազդանշան տա կամ ազդանշանից որքան ժամանակ հետո կլինի բուն սողանքային գործընթացը, որը հնարավորություն կտա մասնագետներին ճիշտ կողմնորոշվել:

Ինչ վերաբերում է սարքավորումների արժեքին, ապա գազի հաշվիչի համար նախատեսված ընթերցիչները կլինեն մոտ 150­200 դոլար: Ընկերությունը, ցանկանում է, որ ավտոմատիզացման կառավարման համակարգերով աշխատող սարքերը ևս հնարավորինս մատչելի լինեն` 1­2 հազար դոլարի սահմաններում:

«Էլպիդա էլեկտրոնիկս»­ում աշխատում է 4 մասնագետ, բացի այդ` այստեղ ուսումնական պրակտիկա են անցնում ուսանողներ: Վերջերս թիմը մասնակցել է Մոսկվայում կայացած երիտասարդական ինովացիոն համաժողով­մրցույթի, որտեղ ներկայացրել են իրենց ծրագիրն ու շահել երկրորդ տեղը: «Նմանատիպ միջոցառումների միջոցով կապեր ու ծանոթություններ ենք ձեռք բերում, մենք նրանց հետ կապ ենք հաստատում միասին աշխատելու համար: Բացի այդ` տեսանք, որ մեր գաղափարներն ընդունելի են, մենք կարծես ճիշտ ուղու վրա ենք»,­նշեց Արկադի Խիտարովը: Վանաձորում Տեխնոլոգիական կենտրոն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն բացելու ծրագրերը ոգևորում են իրենց: «Հուսով եմ, որ այս շարժը լուրջ խթան կլինի ու հաջորդ տարվա ընթացքում կարևոր արդյունքների կհասնենք»,­եզրափակեց զրուցակիցը: Արկադի Խոտարովն ազգությամբ հույն է, իսկ «էլպիդա» բառը թարգմանաբար նշանակում է «հույս»:

Թիմը Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի հաղթողներից է: Իրականացվող ծրագրի համար հաղթող նախագծերին տրամադրվում է 85% համաֆինանսավորում:

Նշյալ մրցույթը մեկն է տեխնոլոգիաների ոլորտում Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպվող մրցույթներից: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար նվազագույնը 10 հազար և առավելագույնը 50 հազար ԱՄՆ դոլար է: Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

Աղբյուրը՝ www. armenpress.am


1 1 1