Երեկ Վանաձորում ամփոփվել են «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթի արդյունքները:
Դեկտեմբերի 12-13-ը կայացած հաքաթոնին մասնակցել է 70 թիմ (250 ներկայացուցիչ)` միջոցառումը դարձնելով Հայաստանի 2015թ. ամենամասշտաբային տեխնոլոգիական մրցույթը:
5-րդ ամենամյա հաքաթոնի ընթացքում թիմերը 24 ժամում մշակել են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների լուծումներ, որոնք այնուհետ ներկայացվել են մասնագետների եւ մենթորների դատին։
Փոքր եւ միջին բիզնեսների առօրյան հեշտացնող լավագույն լուծման համար «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» կողմից մրցանակի է արժանացել Discount manager թիմը: Վերջինիս առաջարկած հավելվածը օգտատերին տեղեկացնում է մոտակայքում գտնվող խանութներում գործող զեղչերի մասին։ ՄԻԿ Հայաստանում նշել են, որ մրցանակը չի սահմանափակվում 400 հազ. դրամով, այլեւ ներառում է տեխնոլոգիական եւ բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը բիզնեսի վերածելու համար։
Մրցույթի գլխավոր աջակից Համաշխարհային բանկի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի սահմանած հատուկ մրցանակը՝ 400 հազ. դրամը, տրամադրվել է Instahire թիմին՝ սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծման համար։ Թիմը ստեղծել է առցանց հարթակ, որի միջոցով գործատուները կարող են գտնել աշխատակիցներ։
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի անցկացմանն աջակցել է «ԱրմենՏել ընկերությունը» (Beeline ապրանքանիշով): Ամբողջ մրցույթի ընթացքում թիմերը կարողանում էին աշխատել իրենց նախագծերի վրա՝ օգտվելով ընկերության տրամադրած ինտերնետից։
Beeline-ի սահմանած 3 մրցանակներին արժանացել են Mergeify, Game engine եւ Stereo TV թիմերը:
Mergeify-ը ներկայացրել էր ծրագրային հավելված, որը հնարավորություն էր տալիս ցանկացած նախադասության համար ստեղծել տեսահոլովակ՝ օգտագործելով համացանցում առկա տեսանյութերը։
Game engine թիմը ստեղծել է հետաքրքիր խաղ, իսկ Stereo-TV թիմին հաջողվել էր ստեղծել մոբայլ հավելված, որի միջոցով հնարավոր էր միավորել երկու տեսանյութեր եւ ցուցադրել մեկ էկրանի վրա։
Mergeify-ն արժանացել է նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից խրախուսական մրցանակի՝ստանալով Kindle:
Հանրային լրագրության ակումբը Հեքըթոն[ՅԱՆ]-ի ամենակրտսեր մասնակիցներին՝ 14-ամյա Հենրիկ Ամիրբեկյանին եւ Գարեգին Աբովյանին, ԱՄՆ դեսպանատան անունից հանձնել է խրախուսական մրցանակ՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրականը գրքերը:
Մրցանակաբաշխության ընթացքում նաեւ նշվել է, որ հաշվի առնելով այն, որ Knight-Mozilla OpenNews հիմնադրամի կողմից սահմանված անվանակարգին համապատասխանող լուծման արդյունավետ տարբերակ չառաջարկվեց, Հանրային լրագրության ակումբը հաղթող թիմերի հետ կրկին հանդիպելուց եւ ծրագրերին մանրամասն ծանոթանալուց հետո կընտրի եւ հիմնադրամի անունից մրցանակ կհանձնի առավելապես համապատասխանող թիմին:
«Արդեն հինգերորդ անգամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն անցկացնում է Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթը, եւ ամեն տարի մենք տեսնում ենք, թե ինչպիսի զարգացում է ապրում ՏՏ համայնքը Հայաստանում։ Այս տարի մրցույթը տարածքային առումով ավելի ընդգրկուն էր, մասնակցում էին թիմեր ոչ միայն Երեւանից, այլեւ Գյումրիից, Վանաձորից, Իջեւանից, Գավառից։ Թիմերի գաղափարները շատ հետաքրքիր էին ու նորարար, եւ համապատասխան աջակցության եւ աշխատանքի դեպքում կարող են դառնալ շուկայում պահանջված պրոդուկտներ։ Նշեմ, որ մեր կենտրոնը մշտապես աջակցում է նոր ստարտափերի ձեւավորմանը ստարտափ աքսելերացիայի ծրագրի միջոցով, եւ հաքաթոնն այդ գործընթացի առաջին փուլն է, երբ երիտասարդները միավորվում են, ստեղծում թիմեր եւ աշխատում նորարար որեւէ գաղափարի շուրջ»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
Միջոցառումը կազմակերպել էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Աջակիցներն էին Համաշխարհային բանկը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Արմենտել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ը, Վանաձորի N17 եւ 5 ավագ դպրոցները, ggTaxi-ն:
Աղբյուրը՝ www.itel.am