Ինչ է խոստանում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը

Վանաձորի-տեխնոլոգիական-կենտրոն2015 թվականի օգոստոսից Վանաձորում ընթանում են տեխնոլոգիական կենտրոնի կառուցման աշխատանքները: Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամինն (ՁԻՀ) է, իսկ ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Գրեթե մեկ տարի է` կենտրոնում իրականացվում են անվճար կրթական ծրագրեր: Մինչև տեխնոլոգիական կենտրոնի շենքի պատրաստ լինելը ուսանողների կրթությունը կազմակերպվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մասնաշենքում և 5-րդ ու 17-րդ դպրոցներում: Ներկայումս դասընթացներին մասնակցում է 250 ուսանող: Սակայն նրանց մեջ չկան հաշմանդամություն ունեցող անձինք, քանի որ, ինչպես նշում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, այդ կենտրոնները չունեն համապատասխան շենքային և լսարանային պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան կրթություն իրականացնելու համար:

– Այս պահին, ցավոք, չունենք լսարանային պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց հավուր պատշաճի ընդունելու և սպասարկելու: Իսկ նրանց պետք են այդ վերաբերմունքն ու հատուկ հարմարեցված պայմանները: Նման պայմաններ,վստահաբար կարող եմ նշել, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նոր մասնաշենքնունենալու է: Գյումրիում մենք արդեն իսկ ունենք այդ փորձը: ԱՄՆ-ի դեսպանատան հետ ծրագիր է իրականացվում, և ընկերությունները շահագրգռված են, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն սովորեն, այլև աշխատեն մեր ծրագրերում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ևս կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերում: Միաժամանակ վստահեցնում է, որ կենտրոնում նրանց համար համապատասխան պայմաններ անպայման կստեղծվեն: Ունենալով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի օրինակը` Ենգիբարյանը նշեց, որ Վանաձորում ևս ամեն ինչ կարվի հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Հաշմանդամություն ունեցող անձանց մենք հատուկ ուշադրություն են դարձնում: Գյումրիում նույնիսկ արդեն երկրորդ տարին է` հատուկ դասընթացներ ենք կազմակերպում հաշմանդամություն ունեցող երեխաների համար:Նրանց սովորեցնում ենք ծրագրավորման սկզբունքները, բազային լեզուները: Մերկարծիքով` հաշմանդամություն ունեցող երեխաների գերակշիռ մասը մտավոր մեծներուժ ունի: Եթե կարողանանք հնարավորություն ստեղծել նրանց աշխատանքի համար, կարծում եմ` կլուծենք սոցիալական մեծ խնդիր: Նույնը կկրկնենք նաև Վանաձորում»:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն ամբողջովին հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց. «Ե՛վ շենքի մուտքը կլինի հարմարեցված նրանց համար, և՛ հատուկ վերելակներ կլինեն, լսարաններ մտնելը, նստելը, այնտեղ դաս անցկացնելը, շենքում շարժվելը` ամեն ինչ նրանց համարհարմարեցված է լինելու»:

Կենտրոնի կառուցման համար հատկացվել է մոտ 4 մլն դոլար: Այն շահագործման կհանձնվի այս տարվա հուլիսին: Նախաձեռնողները նշում են՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շնորհիվ քաղաքը կդառնա տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային ու միջազգային կենտրոն:

Աղբյուրը՝ www.disabilityinfo.am


1 1 1