Վանաձորցի ուսուցչի կողմից ստեղծված նախագծի միջոցով օտար լեզուներ սովորելը դառնում է ավելի հեշտ և արագ

E-Voca-PROJECT-2Հայկական արտադրության E-Voca PROJECT ստարտափը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել օտար լեզուներ, բայց խնդիր ունեն բառերը մտապահելու հարցում:

Բջջային հավելվածը, հենվելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումների և գիտական հոգեբանության հայտնի դրույթների վրա, թույլ կտա շատ արագ սովորել և մտապահել հարյուրավոր բառեր:

Նախագծի հեղինակը մասնագիտությամբ ուսուցիչ Գարեգին Քարհանյանն է, ով ծանոթ է բոլոր այն խնդիրներին, որ ունենում են մարդիկ օտար լեզու սովորելիս: Ելնելով աշխատանքային փորձառությունից՝ Գարեգին Քարհանյանը, հավելվածի համահիմնադիր, ծրագրավորող Գարիկ Արզումանյանի հետ, սկսում է E-Voca PROJECT-ի աշխատանքները:

Նախագիծը նախատեսված չէ միայն անգլերեն սովորելու համար: 4 լեզվով՝ հնդկերեն, չինարեն, ռուսերեն և արաբերեն, կան 500 բառերից կազմված բառարաններ՝ Toefl-ի կամ որևէ երկիր ճանապարհորդելու համար: Կա նաև 3 բառարաններ՝ 200 պարզ արտահայտություններով: Մոտ օրերս պատրաստ կլինի 1000 բառից կազմված բառարան, որտեղ կլինեն լեզվի տարրական մակարդակի բառեր՝ բաժանված մի քանի խմբի՝ տուն, կրթություն, խանութ, և այլն: Բառարանները կլինեն գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, հայերեն, անգլերեն և ռուսերեն: Ընդհանուր առմամբ, E-Voca PROJECT հավելվածն ունի մոտ 50 աուդիո բառարան:

Նախագծի հեղինակներն ունեն ևս մեկ նպատակ՝ միջազգային մակարդակում առաջ տանել հայերենը և լեզուն հասանելի դարձնել բոլորի համար: Միջազգային շուկա դուրս գալու համար, սակայն, հավելվածում պետք է ներդրումներ անել:

2015 թվականին E-Voca PROJECT-ը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացվող Վանաձորի համաֆինանսավորման դրամաշնորհային մրցույթում:

 


1 1 1