MIT Գլոբալ ուսումնական լաբորատորիա ՎՏԿ-ում

«Լույս» հիմնադրամը, համագործակցելով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի – «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի հետ, Հայաստանում հյուրընկալեց «ՄՏԻ (MIT) գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը` կապեր հաստատելով աշխարհի գերազանցության կենտրոնների և Հայաստանի կրթական առաջատար հաստատությունների միջև: Իմանալ ավելին

Ամռանը Հայաստանում արդեն երրորդ անգամ իրականացվեց «Գլոբալ ուսումնական լաբորատորիաներ» (Global Teaching Labs) ձևաչափով դասընթացը:

«Գլոբալ ուսումնական լաբորատորիան» ուսուցման և դասավանդման նոր եղանակ է, որը ոգեշնչել է աշակերտների և ուսուցիչների ամբողջ աշխարհից:

Ուսուցման այս նոր ձևը ներկայացնում է «շրջած դասասենյակի» կոնցեպտը: Այս մոտեցումը սովորողներին թույլ կտա օգտվել ՄՏԻ-ի (MIT) ուսումնական նյութերի առցանց հարուստ բազայից, որտեղից ստացած գիտելիքը նրանք կկիրառեն գործնական լաբորատոր պայմաններում. աշակերտներին կհանձնարարվի ինչ-որ բան պատրաստել` տեսական առցանց նյութը գործնականում կիրառելով: Սա սովորելու և գործելու համակցություն է, որն ապահովում է անցումը տեսականից գործնականին:

«Շրջած դասասենյակի» կոնցեպտը ենթադրում է դասարանային գործունեության այլ մեթոդ. աշակերտները տանն են յուրացնում առցանց տեղադրված տեսական նյութը և այնուհետ դասարանում կիրառում ձեռք բերած գիտելիքը գործնականում: Ուսումնական առարկաները տարբեր են ու կարող են ներառել` մաթեմատիկա և զարգացող տեխնոլոգիաներ, խորացված լաբորատոր փորձեր, օրիգինալ փաստաթղթերի վերլուծություն, բանավեճի կամ խոսքի մշակույթ, ընթացիկ իրադարձության քննարկում, խմբային վերլուծություն, նախագծի վրա հիմնված ուսուցում, հմտությունների զարգացում և այլն:

Սա ուսուցման ակտիվ մեթոդ է, որը զարգացնում է մտածական այնպիսի կարողություններ, ինչպիսիք են խնդիրների սահմանումը, համագործակցային հմտությունը, խնդիրների լուծումը: Աշակերտները լուծում են բարդ խնդիրներ, աշխատում են խմբերով, հետազոտություն են անցկացնում և ձևավորում նոր գիտելիք իրենց ուսուցչի և դասընկերների օգնությամբ:

Դասընթացը տեղի կունեցավ 2017 թ. հուլիսի 10-ից 19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որը համալրված է ուսումնական այս գործընթացի համար անհրաժեշտ լաբորատորիաներով: Աշակերտները տանը սովորեցին առցանց նյութն իրենց սեփական ռիթմով և նախընտրած ժամանակ, իսկ դասարանում նրանց հետ աշխատեցին ՄՏԻ-ից ժամանած դասախոսները:


1 1 1