Տեղի ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների և աշակերտների տեղեկատվական հերթական հանդիպումը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):
Հանդիպումը վարում էր ՎՏԿ բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախնինյանը, ով խոսեց բազմաթիվ հնարավորությունների մասին, որոնք ՎՏԿ-ն ընձեռում է Պոլիտեխնիկի ուսանողներին և աշակերտներին: Կենտրոնը պատրաստ է աջակցել երիտասարդներին աշխատել ըստ մասնագիտւթյան, իրագործել իրենց նորարար գաղափարները և դառնալ հաջողակ ձեռներեց: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ուսանողները և աշակերտները կարող են մասնակցել թեմատիկ սեմինարների և տարաբնույթ միջոցառումների, որոնք անցկացվում են Հայաստանի և արտասահմանյան լավագույն մասնագետների կողմից, կարող են բարելավել մասնագիտական և բիզնես հմտությունները՝ մասնակցելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներին: Նրանք տեղեկացան կենտրոնում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաների, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայի մասին, որը բացառիկ հնարավորություն է ստեղծում ճարտարագիտական ոլորտում նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների, լուծումների մշակման համար:
ՎՏԿ-ում տեղակայված ընկերությունների՝ Hi-Tech Gateway, Omni Code, Elpida Electronics, Teams, Renderforest(Վանաձորի մասնաճյուղ) ներկայացուցիչներն ուսանողներին ծանոթացրին առկա բազմաթիվ հնարավորություններին և թափուր աշխատատեղերին՝ օրինակ բերելով Պոլիտեխնիկի այն շրջանավարտներին, ովքեր արդեն իրենց մասնագիտությամբ աշխատանք են գտել վերոնշյալ ընկերություններում:
ՎՏԿ դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանը ողջունեց Մասնաճյուղի ուսանողների այցը ՎՏԿ՝ խրախուսելով առավել ակտիվ գտնվել նոր դասընթացներին մասնակցելու մեջ:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումն իրականացնելու, ուսանողներին և աշակերտներին իրենց հնարավորությունների մասին իրազեկելու համար: Պարոն Խառատյանը ողջունեց և կարևորեց մասնաճյուղի և ՎՏԿ-ի հաջող համագործակցությունը: