ՁԻՀ տնօրենը հանդիպեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ուսանողների հետ

Շուրջ մեկ տարի է՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը եւս իրականացնում է անվճար դասընթացներ: Դասընթացների շնորհիվ լոռեցի ուսանողները հնարավորություն ունեն սովորելու ծրագրավորման լեզուն, ծանոթանալբարձր տեխնոլոգիաների ոլորտին:

Լոռու մարզում իրականացվող եկարաժամկետ կրթական ծրագրերին ծանոթանալու, կենտրոնում սովորող ուսանողներին հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչպես նաեւ վերջիններիս հետ այլ հարցեր քննարկելու նպատակով Վանաձորում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Հանդիպման նպատակներից մեկն էլ այն է, որ ուզում ենք ուսանողների հետ մեր ծրագրերով ու փորձով կիսվենք: Որովհետեւ մարդիկ չեն կարող իզոլացված մնալ, ընդամենը դասերի մասնակցել եւ չիմանալ, թե իրենց քաղաքում կամ երկրում ինչ է կատարվում»,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Բագրատ Ենգիբարյանը

Այն հարցին, թե արդյոք իրենց մասնագիտական ակտիվությամբ աչքի են ընկնում լոռեցի ուսանողները, Բագրատ Ենգիբարյանը պատասխանեց. «Հայաստանի ուսանողները մեկը մյուսին ակտիվությամբ չեն զիջում: Լոռեցիների մոտ ինձ դուր եկավ օպտիմիզմը: Նրանք բավական մեծ հավատով են լցված, որն ակնհայտորեն զգացվում է դասընթացների ընթացքում: Ուղղակի շատ աշխատելու տեղ ունենք: Կարծում եմ, այս դասընթացները հնարավորություն են տալիս ոչ միայն աշխատելու, այլեւ իրենց ձեռքով ստեղծելու իրենց քաղաքի եւ մարզի բարեկեցությունը»:

Անդրադառնալով ուսանողների կողմից բարձրացված հարցերին՝ ՁԻՀ-ի տնօրենը նշեց, որ դրանք ոչ միայն իրատեսական են, այլեւ այդ առաջարկների ուղղությամբ այսօր տարվում են որոշակի աշխատանքներ:

Ունենալով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի օրինակը՝ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը նշեց, որ Վանաձորում նույնպես իրենց առջեւ դրված է մեկ նպատակ՝ ուսանողներին դարձնել ոչ միայն լավ մասնագետ, այլեւ թիմային աշխատող:

«Ծրագրի նպատակն է ընկերություններին, բիզնեսներին, աշխատատեղերին ուղղորդել դեպի Վանաձոր: Իսկ ընկերություններն այս դարում գնահատում են ոչ միայն տեխնիկական գիտելիքը, այլեւ թիմային աշխատանքն ու մարդկային որակները: Այս միջոցառումների նպատակներից է նաեւ այն, որպեսզի բացահայտենք մեր ուսանողների մարդ տեսակը, կարողանանք ավելի ռեալ եւ վստահ իրենց առաջարկել գործատուներին՝ ոչ միայն որպես լավ մասնագետ, այլ որպես արժանի լոռեցի, այդ բիզնեսը դեպի այս տարածաշրջան ուղղորդելու համար»,- ասաց Ամալյա Եղոյանը:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանը վստահեցրեց, որ կենտրոնում կրթական գործընթացն իրականացվում է ՏՏ ոլորտի այսօրվա պահանջներին համապատասխան. «Սա հերթական կրթական պրոցես կամ հաստատություն չէ: Գործընթացն իրականացնող կազմակերպությունների հետ միասին մենք փորձում ենք այդ պահանջները դնել առաջին պլանում, որին համապատասխան իրականացվում է կրթական պրոցեսը»:

Երկու ամսից Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կավարտվի անվճար հիմունքներով իրականացվող կրթական ծրագիրը: Ներկայումս այդ դասընթացներին մասնակցում է 250 ուսանող:

«Մեր ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ թափով առաջ են գնում: Արդեն եկել էր ժամանակը, որ Վանաձորում էլ սկսվեր տեխնոլոգիական առաջընթաց: Ես հուսով եմ, որ կրթություն ստանալուց հետո անպայման համապատասխան աշխատանք կգտնեմ»,- ասում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ուսանող Գոռ Աղաջանյանը:

Շուտով շահագործման կհանձնվի նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքը:

Աղբյուրը՝ www.hetq.am


1 1 1