Հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ ու հյուրեր:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:
Կենտրոնը կառուցվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձոր մասնաճյուղի հարևանությամբ:
‹‹Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված օրինակով մշակվել և իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը:
Ինչպես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձավ մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը քաղաք, պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետների, ովքեր շարունակում են աշխատել մարզում՝ իրենց գործունեությամբ խթանելով Գյումրու տնտեսության զարգացումը, այնպես էլ, համոզված ենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը իր ուրույն դերակատարությունը կունենա Լոռու մարզի կյանքում՝ խթանելով բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ներգրավումն ու հիմնումը, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտներում»,- նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
ՎՏԿ-ում իրականացվում են ՏՏ և ճարտարագիտական ոլորտներում մասնագիտական դասընթացներ և սեմինարներ: Ընդհանուր առմամբ կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական դասընթացների և սեմինարների շնորհիվ վերապատրաստվել են շուրջ 4000 աշակերտներ, ուսանողներ և մասնագետներ։
Կենտրոնում գործում են եռաչափ տպիչներով, CNC համակարգով մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որոնք բացառիկ հնարավորություն են ընձեռում ճարտարագիտական ոլորտում նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար, ինչն էլ տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին թույլ կտա զգալիորեն արագացնել գյուտի/նոր արտադրանքի մուտքը շուկա:
Ձեռներեցության զարգացման նպատակով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը շարունակական աշխատանքներ է իրականացնում մարզում գործող համալսարանների ուսանողների և դասախոսների մասնակցությամբ` տեխնոլոգիական թիմեր ստեղծելու ուղղությամբ: Ներկայումս կենտրոնում իրականացվում է Աքսելերացիայի ծրագիր, որն ուղղված է խրախուսելու ՏՏ և ճարտարագիտական, մաքուր տեխնոլոգիաների, էներգիայի նոր աղբյուրների մշակման և էներգախնայողության ոլորտների արտադրանքի զարգացմանը: Մինչ այժմ աշխատանքներ են տարվել 40 թիմի հետ: